Բոլոր երկրների համար սուվերենիտետի պրոբլեմը կանգնած է առաջին պլանում, քանի որ այն արտացոլում է կոնկրետ երկրի ազդեցիկության չափը միջազգային հարաբերություններում։
Մյուս կողմից էլ պետք է հաշվի նստել այն հանգամանքի հետ, որ սուվերենիտետ ասածի չափը կախված է տարբեր գործոններից, և նրա բացարձակության մասին պնդումները անհիմն են ու նախատեսված մեծամասնություն կազմող միամիտների համար։
Մի բան են սուվերենիտետի բացարձակության մասին քարոզչական բնույթի պնդումները և բոլորովին այլ բան իրական կյանքը, որտեղ բոլոր երկրները իրենց քաղաքականությամբ ձգտում են իրենց սուվերենիտետի առավելագույնին՝ իրականում լինելով զրոյի և հարյուրի արանքում ինչ որ տեղ։
Իսկ բոլոր երկրների սուվերենիտետի չափերը փոփոխական մեծություններ են և ժամանակի կոնկրետ պահին կախված են տարբեր հանգամանքներից ու գործոններից։
Այսինքն, եթե սուվերենիտետ ասածը փոփոխական մեծություն է և ունի չափ, ուրեմն նաև չափելի է, և այն չափելու համար նպատակահարմար է օգտվել նրա համարժեք ազդեցիկության չափից միջազգային հարաբերություններում։
Այս հարցում անգամ մակերեսային դիտարկումները ցույց են տալիս, որ նույնիսկ ամենահզորների ազդեցիկության չափը ժամանակի մեջ պատահական պրոցես է, որն ունի ժամանակից կախված միջին արժեք, ցրում և այլն։
Ըստ որում, կայուն և հավասարակշիռ միջազգային հարաբերությունների դեպքում երկրների ազդեցիկության միջին չափը մոտավորապես հաստատուն է, իսկ նրա ցրումը այդ միջինի շուրջը՝ հարաբերակոնորեն փոքր և հաստատունին մոտ, որը վերաբերում է նաև երկրների սուվերենության իրական մեծությանը։
Միջազգային հարաբերությունների ոլորտում անհավասարակշիռ պարադիգմային անցումների ժամանակ, ինչպիսին ներկայի անցումն է միաբևեռ աշխարհից բազմաբևեռին, երկրների ազդեցիկության չափերը կարող են ունենալ մեծ տատանումներ և պատահական մեծ չափերով ցրումներ, իսկ նրանց սուվերենիտետի չափն էլ, որոշակի հապաղումներով, կարող է կրկնել ազդեցիկության տատանումները։
Շատ կարևոր պրոբլեմ է նաև, մանավանդ փոքր միջազգային ազդեցիկություն ունեցող երկրներում, մարդկանց կյանքի անվտանգության ու որակի կապը սուվերենիտետի չափի հետ, որի մասին մի ուրիշ անգամ։
Պավել Բարսեղյան